ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Հայ ժողովուրդը միայն սրով չէ, որ պաշտպանել է իր գոյության իրավունքը

Վահագն ԴԱՎԹՅԱՆ. Հայ ժողովուրդը միայն սրով չէ, որ պաշտպանել է իր գոյության իրավունքը
30.01.2022 | 17:02

Ճիշտն ասած ինձ համար, որ բավականին լավ գիտեմ մեր ժողովրդի պատմությունը, նրա հարատևությունն ու գոյությունը հաճախ առեղծված է թվում:

Նրա աշխարհագրական խիստ աննպաստ դիրքը, որ մշտապես աշխարհի այն ժամանակվա հզորների՝ Հռոմի, Պարսկաստանի, Բյուզանդիայի բախման արյունոտ ասպարեզ է եղել, այդ հզորների զավթողական անհագ ախորժակը և բազում ուրիշ հանգամանքներ իրենց տրամաբանությամբ հուշում են, որ հայ ժողովուրդը պիտի հեռացած լիներ պատմության բեմից, ինչպես իր հարևաններից ու ժամանակակիցներից շատերը, որ իրենից ավելի բազմաքանակ էին ու առավել հզոր: Եվ երբ փորձ եմ արել մերձենալ այդ առեղծվածին, ապա առաջին ենթադրությունս այն է եղել, որ հայ ժողովուրդը միայն մի ձևով, միայն սրով չէ, որ պաշտպանել է իր գոյության իրավունքը: Այդ ձևով չէր էլ կարող պաշտպանել, որովհետև շատ ու շատ էին իրենից հզորները: Եվ ես այդ առեղծվածը փորձել եմ որոնել մի երևույթի մեջ, որին հավանաբար բոլոր ուժերի բազմադարյան զորահավաք անունը պիտի տալ:

Ինձ թվում է, թե հայ ժողովուրդը մշտապես մի լարված «զորահավաքի» մեջ է եղել, իսկ «զինվորները» ի սկզբանե եղել են անօրինակ աշխատասիրությունը, քարից հաց ու բարիք քամելու գերմարդկային ջանքը, քարի հետ մշտապես գործ ունենալուց քարեղենացած համբերությունը, քարի մեջ հրաշքը տեսնելու և այն արևերես հանելու հոգեկան սխրանքը, աշխարհում ծնունդ առած նոր գաղափարների առաջ ոչ միայն իր դուռն ու հոգին մշտապես բաց պահելու, մշտապես աշխարհի քաղաքակրթության բարձունքներին հասնելու, այլև իր սեփական նոր գաղափարները աշխարհին շնորհելու կարողությունը, իր մեջ ու իր հետ ապրած, իրենից փոքրաթիվ ժողովուրդների նկատմամբ ունեցած զարմանալի հանդուրժողականությունն ու խորունկ հարգանքը, իսկ այդ ամենի զորահրամանատարը եղել է մի զորեղ ու մեծ մշակույթ, որ աշխարհի քաղաքակրթության անբաժանելի ու երևելի երևույթներից է, բայց որի մասին աշխարհն, ավաղ, քիչ բան գիտե... Հավանաբար փոքրաթիվ ժողովուրդների բախտն է դա... Միշտ չէ և բոլորը չէ, որ քանակի հետևում կարողանում են տեսնել որակը:
Հատված «Համառոտ պատմություն հայոց» գրքից


Դիմանկարը՝ Հրանտ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ
Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9897

Մեկնաբանություններ